ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է օգոստոսի 8-իn Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղության մասին փաստաթղթի ակնկալվող ստորագրմանը։
Նա նշել է, որ, եթե դա համապատասխանում է իրականությանը, ԱՄՆ-ն մտնում է Հարավային Կովկաս, իսկ ՌԴ–ին և Իրանին առաջարկում են հաշտվել դրա հետ։
«Այն պահին, երբ ամբողջ աշխարհը գուշակում է Պուտինի և Թրամփի հանդիպման մասին, Ռուսաստանի երկու «հավատարիմ ընկերները»՝ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, շտապել են Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահի հսկողության ներքո գործարք կնքելու։ Վերջնականապես պարզ չէ, արդյոք նրանք կստորագրեն այսպես կոչված խաղաղության պայմանագիր, թե կսահմանափակվեն միջանկյալ հուշագրով։ Բայց գուշակի մոտ գնալ պետք չէ, որպեսզի հասկանանք, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, իսկ Ռուսաստանը և Իրանը պետք է հաշտվեն դրա հետ։ Անկախ նրանից՝ դա կմտնի որևէ համաձայնագրի տեքստի մեջ, թե ոչ, կդրվի վերջակետ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա վերահսկողության հարցում։ Օգտագործելով Փաշինյանին՝ Թուրքիան կբացի Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհ դեպի Ադրբեջան, Կասպից տարածաշրջան և Կենտրոնական Ասիա։ Իսկ նրա հետ միասին՝ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը, որոնք այդպիսով կստանան իրենց բոնուսը», — համոզված է Զատուլինը, գրում է EADaily-ն։
Պատգամավորի խոսքով՝ վաշինգտոնյան բանակցությունների անուղղակի մասնակիցները կլինեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և հնարավոր է՝ նաև Իսրայելը։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի համար սա ազգային շահերի իրագործում է, իսկ Ռուսաստանի և Իրանի համար՝ ազդեցության կորուստի և ծրագրերի շտապ վերանայման վտանգ, ներառյալ «Հյուսիս — Հարավ» տրանսպորտային միջանցքը, որին հակադրվելու է Զանգեզուրի «Արևմուտք — Արևելք» ուղին։
«Ամենախայտառակը այս ամենում Հայաստանի մասնակցությունն է։ Լեզուս չի դառնում դա ասել, բայց, իրենց վզին Փաշինյանին նստեցնելով, նրա ընտրողները դատավճիռ են արձակել իրենց և Հայաստանի համար։ Այստեղ որևէ ազգային շահ չկա», — նշել է Զատուլինը։
Նա հիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը եղել է 2020թ․ Արցախյան պատերազմի ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մաս։ Այն ժամանակ դա դիտարկվում էր որպես հակակշիռ՝ իրական գործող Լաչինի միջանցքի և Սյունիքով անցնող հնարավոր ուղու։ Այժմ, պատգամավորի խոսքով, Արցախում հայեր այլևս չկան, Լաչինի միջանցքն էլ փակ է, «իսկ դրանց հետ միասին վերացել է նաև որևէ բան Ռուսաստանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, որի հետ Վաշինգտոնի հանդիպման մասնակիցները ցուցադրաբար վիճում են»։
Զատուլինը հավելել է, որ այն, ինչ այսօր մեր աչքի առաջ հնարավոր է դարձել, ոչ միայն որոշ սխալ հաշվարկների հետևանք է, այլ նաև օբյեկտիվ փաստ՝ տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման՝ Ուկրաինայի պատերազմի և Արևմուտքի հետ հակամարտության պատճառով։
Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։






