AM
8 Օգոստոս 2025 - 14:47 AMT

Ռաուֆօղլու․ Հաջորդ շաբաթ բանակցություններ են ակնկալվում «Թրամփի երթուղու» շուրջ՝ 9 օպերատոր է հետաքրքրված

Ամերիկաբնակ լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 8–ի ուշ երեկոյան կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ՝ անանուն բարձաստիճան պաշտոնյաների վրա հղումով։

Նա գրել է, որ հաջորդ շաբաթ բանակցություններ են ակնկալվում «Թրամփի երթուղու» շուրջ, որով 9 օպերատոր է հետաքրքրված։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղեկացրել են ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի ակնկալվող արդյունքների մասին։

Ինչպես արդեն հաղորդվել է, խաղաղության համաձայնագրի առանցքային տարրը «Trump Route» կամ TRIPP նախաձեռնությունն է։ Պաշտոնյաները հաստատել են, որ երթուղին ապահովելու է անխափան կապ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Համաձայնագիրը ներկայացվում է որպես Արևմուտքի աշխարհաքաղաքական հաղթանակ։

Նրանց խոսքով՝ նոր երթուղին նախատեսված է հակազդելու ռուսական և իրանական ազդեցությանը տարածաշրջանում՝ ապահովելով առևտրի և էներգետիկայի ուղիղ կապ Հարավային Կովկասից դեպի Եվրոպա՝ շրջանցելով այդ երկրները։

Վարչակազմը նախատեսում է անհապաղ ստեղծել աշխատանքային խմբեր՝ ճանապարհային քարտեզի մանրամասները իրականացնելու համար, իսկ «Trump Route»-ի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել 9 տարբեր օպերատոր, որոնց թվում երեքը՝ ԱՄՆ-ից։ Նրանք ընդգծել են, որ այս նախաձեռնությունը կոմերցիոն բնույթի է, ոչ թե բարեգործություն, և կոչված է «ապահովելու խաղաղություն գալիք սերունդների համար»,–ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։