Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո, որտեղ համատեղ Հռչակագիր է ստորագրվել, վստահություն է հայտնել, որ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների դեպքում այնտեղից կհեռացվեն Ադրբեջանի «տարածքների նկատմամբ պահանջները»։
«Ես չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների դեպքում — և հենց հայկական կողմն է հայտարարում այդպիսի փոփոխությունների անհրաժեշտության մասին — Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհանվեն այնտեղից։ Հակառակ դեպքում դա, առաջին հերթին, կլինի անհարգալից վերաբերմունքի դրսևորում Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ», — ասել է Ալիևը Վաշինգտոնում ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, գրում է Minval.az-ը։
Նա հավելել է, որ այս դիրքորոշումը կիսում են նաև առաջատար միջազգային դերակատարները, այդ թվում՝ ԱՄՆ-ն։
«Քանի որ բոլորը գիտեն և մեր դիրքորոշումն ըմբռնում են գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարները, ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Քանի որ, երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, բոլոր հարցերը պետք է լուծված լինեն, և դրանից պետք է հանվեն մեզ ուղղված անհիմն տարածքային պահանջները։ Այդ պատճառով ես այս հարցում որևէ կասկած չունեմ», — ընդգծել է Իլհամ Ալիևը։
Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






