AM
9 Օգոստոս 2025 - 07:11 AMT

Ալիև․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը չպետք է որ շատ ժամանակ պահանջի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո, որտեղ համատեղ Հռչակագիր է ստորագրվել, հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ձևակերպման գործընթացը չպետք է որ շատ ժամանակ պահանջի, գրում է Minval.az-ը։

«Կարծում եմ, որ պետք չէ ժամանակ կորցնել։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը և Հայաստանը արդեն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, դրա պաշտոնական ստորագրումը երկար ժամանակ չպետք է պահանջի», — ասել է Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։