AM
9 Օգոստոս 2025 - 08:10 AMT

ԵՄ–ն և Եվրախորհուրդը ողջունել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Եվրամիությունը կարևոր առաջընթաց է համարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը՝ տեսնելով դրանք որպես տասնամյակներ շարունակված հակամարտության ավարտին տանող նշանակալի քայլ։ Այդ մասին ԵՄ անունից հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի և ԱՄՆ վարչակազմի ջանքերը՝ ստեղծված նպաստավոր պահը օգտագործելու և առաջընթաց ապահովելու համար։ Հիմա կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը»,– նշված է հայտարարության մեջ, հայտնում է Արմենպրեսը։

Կալասը հիշեցրել է, որ այս տարվա մարտին Հայաստան–Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա դարձել է վճռորոշ քայլ, որը կարող է բերել կողմերի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։

«Կիրառվելուց հետո այսօր համաձայնեցված քայլերն ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կօգնեն հակամարտության հետևանքով բաժանված հասարակություններին մոտեցնել կայուն խաղաղության և համատեղ բարգավաճման։ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացին և տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Մենք շարունակում ենք պատրաստ լինել գործընկերների հետ համագործակցելու լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար»,– ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ջերմորեն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը, ըստ նրա, ճանապարհ է հարթում երկու երկրների միջև երկարատև հակամարտության վերջնական լուծման համար, նշված է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։

«Այս զարգացումը պատմական հանգրվան է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին, տարածաշրջան, որի կայունությունը կենսական նշանակություն ունի այնտեղ գտնվող բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Վրաստանի ժողովրդի բարգավաճման և անվտանգության համար»,– նշել է Բերսեն՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։

Նրա խոսքով, խաղաղության հաստատման թեմայով ինքը պարբերաբար զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ։

«Ես ողջունում եմ երկու երկրների առաջնորդներին և քաղաքացիներին արդար և տևական խաղաղության ուղղությամբ իրենց ցուցաբերած քաղաքական կամքի, համառության և քաջության համար։ Տասնամյակներ տևած անվստահության, տարածքային վեճերի և մարդասիրական մարտահրավերների հաղթահարումը պահանջում է դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումներ բոլոր կողմերից։ Մենք կոչ ենք անում երկու երկրներին էլ անել առավելագույնը՝ շարունակելու առաջ շարժվել խաղաղության ուղղությամբ՝ ոչ միայն վստահությունը, կապը և ենթակառուցվածքները վերակառուցելու, այլև մեր հիմնական արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն ակտիվորեն ամրապնդելու համար, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները լիարժեք և արդյունավետ իրականացնելու միջոցով»,– հայտարարել է Բերսեն։

Վերջում նա ընդգծել է, որ արդար և կայուն խաղաղությունը կգնահատվի ինստիտուտների դիմադրողականությամբ, քաղաքացիական ազատությունների կենսունակությամբ և բոլոր քաղաքացիների բարեկեցությամբ։ «Եվրոպայի խորհուրդը կշարունակի ջանքերը՝ նման արդյունքի հասնելու գործում իր ներդրումն ունենալու համար»,– եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։