AM
9 Օգոստոս 2025 - 08:30 AMT

Թուրքիան ողջունել է Բաքվի և Երևանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

Թուրքիան ողջունել է առաջընթացը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ճանապարհին, ինչպես նաև «Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արտահայտած կամքը»։

Այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության X-–ի միկրոբլոգում և վերաբերում է Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին, գրում է APA–ն։

«Այս քայլը, որը ձեռնարկվել է միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի սրման շրջանում, չափազանց կարևոր իրադարձություն է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ապահովելու տեսանկյունից։ Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ վարչակազմի ներդրումը այս գործընթացում։

Պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում խաղաղություն և բարեկեցություն բերելու համար։

Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ այս հնարավորության իրագործման ջանքերում և աջակցել Ադրբեջանի նվիրված ջանքերին», — նշված է նախարարության հրապարակման մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։