AM
9 Օգոստոս 2025 - 08:54 AMT

Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման կոչին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում, նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված համաձայնության մասին արված հայտարարությունը, հայտնում է 1lurer.am-ը։

«ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված արդյունքները նշանավորում են վճռական առաջընթացի քայլ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումը կավարտի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթացը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը և սահմանների վերաբացումը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով ամրագրված սկզբունքների պահպանմամբ, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին վերածվելու խաղաղության և բարեկեցության գոտու՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Իր եվրոպացի գործընկերների հետ Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն նպաստել այդ նպատակին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում»,– ասվում է հայտարարությունում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ․ ղարաբաղյան հակամարտութան կարգավորման նպատակով։ Ֆրանսիայի հետ մեկտեղ խմբի համանախագահներն են ԱՄՆ–ն ու ՌԴ–ն։