AM
9 Օգոստոս 2025 - 09:00 AMT

Տոկաևը պատմական է անվանել խաղաղության համաձայնագիրը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմական է անվանել Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը, հայտնում է «Orda.kz»-ն։

Նշվում է, որ փաստաթուղթը վերջ է դրել երկարամյա զինված հակամարտությանը և բացել է ճանապարհը դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու համագործակցության զարգացման համար՝ հիմնված ամուր խաղաղության վրա։

Պետության ղեկավարը նշել է, որ համաձայնագրի ստորագրումն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական առաքելության շնորհիվ, ով կարողացել է համոզել երկու երկրների ղեկավարներին ցուցաբերել քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն։

Նրա խոսքով՝ Ղազախստանը նույնպես իր ներդրումն է ունեցել պայմանավորվածությունների ձեռքբերման գործում՝ առաջարկելով Ալմաթին որպես հարթակ, որտեղ արտգործնախարարները քննարկել են խաղաղության պայմանագրի հիմնական դրույթները։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։