Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի հետ քննարկելու է Վաշինգտոնում օրերս ստորագրված Երևան-Բաքու համաձայնագրերը, Հարավային Կովկասում կայունության և տարածաշրջանային առևտրի ընդլայնման հարցեր։ Այդ մասին հայտնել է CNN Türk-ը
Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստը կգումարվի օգոստոսի 11-ին հայտնում է Ermenihaber-ը։
«Օրակարգից դուրս չի մնալու նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը»,–ասվում է հրապարակման մեջ։
Գնահատականներ են տրվելու նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված դիվանագիտական զարգացումներն ու գործողությունները:
Օրակարգային հարցերից Է նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» հայեցակարգը:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






