Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շնորհավորել է Ադրբեջանի առաջնորդին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ՀՀ հետ ձեռք բերված երկարաժամկետ խաղաղության և հուսալի անվտանգության պայմանավորվածությունների կապակցությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Զելենսկու խոսքով՝ միջազգային հանրությունը շատ դրական է արձագանքել Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը և հույս ունի, որ ամեն ինչ կստացվի։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ալիևի հետ քննարկել են համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են «Ռուսաստանի միտումնավոր ավիահարվածների» մասին, որոնք հասցվել են պետական SOCAR ընկերության նավթաբազային և Ուկրաինայի տարածքում գտնվող այլ ադրբեջանական օբյեկտներին։
Բացի այդ, հարվածներ են հասցվել գազի կոմպրեսորային կայանին, որը ապահովում է ադրբեջանական գազի մատակարարումը Ուկրաինա։






