AM
11 Օգոստոս 2025 - 14:57 AMT

Մակրոն․ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցին և որոշ մանրամասներ հայտնել։

Նա մեկ անգամ ևս Ֆրանսիայի լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Ողջունեցի ԱՄՆ-ի հանձնառության շնորհիվ ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հուսով եմ՝ այս համաձայնագիրը արագ կհանգեցնի երկու կողմերի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։

Ես վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում»,–գրել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ հուլիսի 14-ին Փաշինյանի Փարիզ կատարած այցից հետո իրենք որոշել են շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։