ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովեստի խոսքեր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին՝ անվանելով նրանց «իր լավ ընկերներ»։ Այդ մասին նա գրել է Truth Social իր սոցիալական ցանցում։
«Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին, երբ նրանք ստորագրում էին խաղաղության պայմանագիր՝ պատերազմից ու մահվան տասնամյակներից հետո։ Նրանք հիանալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», – գրել է Թրամփը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






