AM
12 Օգոստոս 2025 - 12:49 AMT

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հորդորելով բացել Հայաստանի հետ սահմանը։ Այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին պատմական համաձայնագիր, որը վերջ դրեց տասնամյակներ տևած թշնամանքին։ Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել այս խաղաղությունը տևական դարձնելու համար։ Պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը, միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այդ քայլը»,- ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ներկայացրել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունների արդյունքները՝ շեշտելով, որ ներկայիս իրավիճակը առավել բարենպաստ է, քան երբևէ, 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

Խոսքը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցող և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել դեռ 2022-ին, սակայն մինչ օրս կյանքի չի կոչվել։