ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար և հաստատում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակումը վերահաստատել է, որ նախագահ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։ Անցյալ շաբաթ նա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալեց Սպիտակ տանը, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական համատեղ հռչակագիր՝ տասնամյակներ տևած ծանր հակամարտությունից և մեծ թվով մարդկային կորուստներից հետո, ինչը միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում է և բռնության դադարեցում, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել», – հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը, հայտնում է Արմենպրեսը։
Բրյուսը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 8-ին նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ՝ «բացելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում և ստեղծելով նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար»։
Պետքարտուղարության ներկայացուցչին նաև խնդրել են մեկնաբանել Իրանից և Ռուսաստանից հնչող հայտարարությունները, որոնք «այնքան էլ չեն աջակցում խաղաղության այս պլանին»։
«Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Այդ պայմանավորվածությունը, այս համաձայնագիրը կարևոր է նրա համար։ Նրանք (խմբ.՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները) Սպիտակ տանն էին։ Սա կարևոր է վարչակազմի համար։ Սա կարևոր է աշխարհի համար», – նշել է Բրյուսը։
Նա շեշտել է, որ ինչպես եվրոպացիները, ֆրանսիացիները, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը փորձել են լուծել տասնամյակներ տևած հակամարտությունը, սակայն «միայն նախագահ Թրամփն է կարողացել այս երկու երկրներին հաջողությամբ բերել այս պատմական խաղաղությանը»։
«Այնպես որ, կարծում եմ՝ աշխարհը գիտի, որ նա հանձնառու է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը», – ասել է խոսնակը՝ հավելելով, որ Թրամփը կանի այն ամենն, ինչ անհրաժեշտ է պատերազմները դադարեցնելու համար։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






