AM
14 Օգոստոս 2025 - 09:16 AMT

Դեսպան․ Պակիստանը չի փոխի ՀՀ հանդեպ քաղաքականությունն առանց Բաքվի հետ խորհրդակցելու

Պակիստանը մտադիր չէ վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց նախապես այս հարցը քննարկելու Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհիուդդինը։

Դեսպանի խոսքով՝ Պակիստանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ «Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացիայի» պատճառով, գրում է Minval.az-ը։

«Սա եղբայրական Ադրբեջանի նկատմամբ սիրո, հարգանքի և համերաշխության դրսևորում է։ Մենք արդեն երեք տասնամյակ հետևում ենք այս քաղաքականությանը, և փոփոխություններ կարող են լինել միայն մեր ադրբեջանցի ընկերների հետ խորհրդակցություններից հետո», — ասել է դիվանագետը։

Պակիստանը մշտապես սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր և ակտիվ աջակցել վերջին 2020թ․ պատերազմի ժամանակ։ 2020–ից հետո Պակիստանը բազում համատեղ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ։