AM
15 Օգոստոս 2025 - 09:03 AMT

Ալիև. Զանգեզուրի միջանցքը կդառնա միջազգային երթուղիների կարևոր օղակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կատարած այցի ընթացքում ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (TRIPP) շուրջ ձեռք բերված համաձայնությունը ուղղված չէ որևէ երկրի դեմ և դառնալու է միջազգային երթուղիների կարևոր օղակներից մեկը։

«Մեր տարածաշրջանի, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող ցանկացած երկրի համար շատ դժվար կլինի ինչ-որ վատ բան ասել այսօրվա ձեռքբերման մասին։ Քանի որ այսօր, ըստ էության, մենք կատարել ենք վերջին քայլը խաղաղության հաստատման ուղղությամբ»,–նշել է նա, հայտնում է 1news.az-ը։

Հարցազրույցում Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին՝ համաձայնության ձեռքբերման գործում ունեցած դերի համար։

Նա խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և անդրադարձել 2024 թվականի դեկտեմբերին «Ազերլայնս» ավիաընկերության 8243 թռիչքի ինքնաթիռի խոցման դեպքին։ Նա նշել է, որ Ադրբեջանը տեղի ունեցածը չի դիտարկում որպես կանխամտածված հարձակում։

«Մեր միակ պահանջն էր՝ ընդունել այդ փաստը, պատժել հանցագործության մեղավորներին և լիարժեք փոխհատուցում վճարել», – ասել է Ալիևը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։