Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան։ Նրա խոսքով՝ հնարավոր է հանդիպում տեղի ունենա հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հաջորդ շաբաթ մեկնում եմ Երևան։ Այցը նախապես պլանավորված էր, դրա մասին պայմանավորվել էին Ալթայում հանդիպման ժամանակ։ Այցը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի իրավակարգավորման ոլորտում ի հայտ է եկել նորմատիվ իրավական ակտ՝ կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության իրավունքին», – ասել է Օվերչուկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև նշել է, որ այցի շրջանակում ակնկալվում է քննարկել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող «որոշակի նյուանսներ»։
Վարչապետ Փաշինյանի հետ նախատեսվող հանդիպման ժամանակ կողմերը նախատեսում են հստակեցնել իրենց դիրքորոշումները՝ տարածաշրջանային ինտեգրման և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության առնչությամբ։
Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






