Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ առաջիկայում սպասվող՝ Հայաստան և Բելառուս իր այցերի հիմնական նպատակն է խթանել նախապես ձեռք բերված համաձայնագրերը և ամրապնդել մասնավոր հատվածի ներգրավվածությունը։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փեզեշքիանը նշել է, որ իր պաշտոնական այցերը կուղղվեն Իրանի մասնավոր ընկերությունների դերի հզորացմանն ու ավելի վաղ ստորագրված պայմանագրերի առաջխաղացմանը՝ հատկապես համատեղ ներդրումային ծրագրերի շրջանակում, հայտնում է Փաստինֆոն։
Նախագահը իր այս հայտարարությունը արել է՝ Իրանի արտաքին հարաբերությունների վերաբերյալ քննարկման ընթացքում՝ նշելով համագործակցության հնարավոր ուղիները մի շարք ոլորտներում, որոնց թվում են էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը, ներդրումներն, առողջապահությունը, բնապահպանությունը, գիտությունը, մշակույթը և զբոսաշրջությունը։
Բացի դրանից, նա վերահաստատել է Իրանի վճռականությունը՝ շարունակելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և ամրապնդել կապերը հարևան երկրների հետ։
Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով` Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը կայանալիք Հայաստան այցի շրջանակում։






