AM
22 Օգոստոս 2025 - 09:19 AMT

Ալիև․ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց միշտ պատրաստ ենք պատերազմի

Ադրբեջանը խաղաղության կողմնակից է, սակայն մշտապես պետք է զգոն լինի և պատրաստ՝ ռազմական սցենարների, քանի որ միջազգային զարգացումները կանխատեսելի չեն, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք չենք ուզում պատերազմ։ Խաղաղություն ենք ուզում, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի», — ասել է նա։

Ալիևը շեշտել է, որ համաշխարհային գործընթացների անկանխատեսելիության պատճառով ադրբեջանցիները պետք է իրենց ուժերով ապահովեն սեփական անվտանգությունը և պահպանեն զգոնություն։ Նրա խոսքով՝ Բաքվում նկատվում են «հնարավոր սպառնալիքի աղբյուրներ», և այդ համատեքստում ակտիվորեն ընդլայնվում է երկրի ռազմական ներուժը։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը ձեռք է բերել ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և նոր հրետանային համակարգեր։ Նրա խոսքով՝ ստորագրվել են պայմանագրեր նոր կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, իսկ առկա ինքնաթիռներն արդիականացվել են։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։