Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել, որ հանդիպելու հնարավորություն է ստեղծվել, քանի որ քննարկելու մի շարք հարցեր են կուտակվել, որոնք առնչվում են թե՛ ռուս-հայկական հարաբերություններին, թե՛ տարածաշրջանային իրավիճակին։
Նա հույս է հայտնել, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում զրույցը կլինի բովանդակալից և օգտակար երկու կողմերի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու և հնարավորություն ունենալու զրուցելու այսօրվա և վաղվա միջոցառման շրջանակներում։ Վաղուց չէինք հանդիպել, կուտակվել են բազմաթիվ հարցեր՝ երկկողմ, տարածաշրջանային, միջազգային։ Հույս ունեմ՝ մեր այսօրվա հանդիպումը… կլինի օգտակար և բովանդակալից։ Ուրախ եմ Ձեզ տեսնել», — ասել է Պուտինը՝ սկսելով հանդիպումը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը տեղի է ունեցել դեմ առ դեմ։ Նրա խոսքով՝ երկու առաջնորդները առանձնազրույց են ունեցել՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովն անցնում է Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահը, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։






