AM
1 Սեպտեմբեր 2025 - 10:33 AMT

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Նախիջևան է այցելել

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան այցի շրջանակում եղել է նաև Նախիջևանում` ծանոթանալու տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Նախիջևանում հանդիպել եմ նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ, ծանոթացել տրանսպորտային ենթակառուցվածքներին, քննարկել դրանց համագործակցության հնարավորությունները ԵՄ-ի հետ»,–գրել է նա։

Նա նշել է, որ Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են վերջին քաղաքական զարգացումները։

«Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնական զրուցակիցների հետ Բաքվում տարածաշրջանի խաղաղ ապագայի համար այս ռազմավարական պահին տեղի ունեցած հանդիպումների համար՝ հիմնվելով Ադրբեջան-Հայաստան երկկողմ երկխոսության և Վաշինգտոնում ձեռք բերված պատմական համաձայնությունների վրա։

Փոխանցեցի ԵՄ ուղերձը՝ կարգավորման բոլոր ասպեկտներին աջակցելու պատրաստակամության մասին, ներառյալ՝ կապի զարգացումը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծումը, ինչպես նաև մարդասիրական խնդիրների և անցյալի ժառանգության լուծումը»,- նշել է Գրոնոն։

Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։