AM
1 Սեպտեմբեր 2025 - 10:58 AMT

Էրդողան․ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջողությունը բխում է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի շահերից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների հաջողության հույս է հայտնել՝ նշելով, որ և՛ Անկարային, և՛ Մոսկվային անհրաժեշտ է կայունություն Կովկասում։ Այդ մասին նշվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։

«Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից», – նշված է հայտարարության մեջ, գրում է Արմենպրեսը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։