AM
1 Սեպտեմբեր 2025 - 12:14 AMT

Ալիևը Չինաստանում ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի կարևոր հատված կդառնա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ, որը կայացել է Չինաստանի Տյանցզին քաղաքում, հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը մոտ ապագայում կդառնա ինչպես Միջին տրանսպորտային միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ երթուղու կարևոր հատված»։

Նա հավելել է, որ դա կնպաստի խաղաղության ամրապնդմանը և բազմակողմ համագործակցության զարգացմանը, հայտնում է APA-ն։

Ալիևը նշել է, որ, իր բնութագրմամբ, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը շահավետ է լինելու Ադրբեջանի բոլոր հարևանների՝ թե՛ մերձավոր, թե՛ հեռավոր՝ երկրի արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում։

Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։