ԵԱՀԿ գործող նախագահը՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն դրական են գնահատել ԵԱՀԿ նախարարական խորհրդի՝ Մինսկի խմբի ու դրա հետ կապված կառույցների լուծարման որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան։
Կազմակերպությունը հրապարակել է նրանց պաշտոնական մեկնաբանությունները։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագրերի և դրանց արագ իրականացումը սկսելու վճռական որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում գերազանց համագործակցության համար», – նշել է Վալտոնենը։
Նա նաև ընդգծել է, որ գործընթացին մասնակցող երկրները ցուցաբերել են համագործակցային ոգի՝ հասնելով փոխըմբռնման։ Ըստ հաղորդագրության՝ նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից երկրների կոնսենսուսով։
«Սա պատմական զարգացում է, որը ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա լեզու գտնելու վճռականություն», – իր հերթին հայտարարել է Սինիրլիօղլուն։
ԵԱՀԿ գործող նախագահն ու գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ օժանդակելու այն նախաձեռնություններին, որոնք կխթանեն կայուն և տևական խաղաղություն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիրը, որի բաղկացուցիչ մասն է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հարակից կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը։
Ըստ ընդունված որոշման՝ Մինսկի խումբը կլուծարվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։






