AM
3 Սեպտեմբեր 2025 - 07:17 AMT

Լեմկինի ինստիտուտ. «Խաղաղության վաղաժամ տոնումը» անտեսում է Բաքվի «ցեղասպանական սպառնալիքները»

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը քննադատաբար է է արձագանքել Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին՝ նշելով, որ «խաղաղության վաղաժամ տոնումը» անտեսում է Բաքվի «ցեղասպանական սպառնալիքները» և ՀՀ ինքնիշխանության համար վտանգները։

«Իրականում Վաշինգտոնում հայտարարված գործարքը կարող է հեշտությամբ հանգեցնել պատերազմի և նոր ավերածությունների և կարող է հիմք դառնալ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ հետագա ցեղասպան գործողությունների համար: Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու կոնկրետ մեխանիզմները պետք է ներառվեին համաձայնագրի տեքստում և դրսևորվեին իրական կյանքում»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ փաստաթղթում անդրադարձ չկա կարևոր հարցերի՝ այդ թվում գերիների, 2023–ին Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանական գործողությունների հարցերին, փոխարենը՝ ստիպում է ՀՀ–ին հետ կանչել ՄԻԵԴ–ից և Միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ իր հայցերը՝ «ջնջելով արդարության և ճշմարտության համար իրավական ուղիները»։ Ավելին, ապագայում հնարավոր չի լինի այդ ժամանակահատվածի հետ կապված նոր իրավական գործընթաց նախաձեռնել։

Լեմկինի ինստիտուտը դա որակել է որպես լուրջ վտանգ։

«Դրանք ներկայումս այն միակ իրավական մեխանիզմն են, որ կարող է որոշակի արդարություն և պատասխանատվություն ապահովել Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տասնամյակների պատերազմի պայմաններում: Հայաստանը՝ որպես ադրբեջանական ագրեսիայի և ատելության զոհ, շատ ավելի ամուր իրավական դիրքում է: Ահա թե ինչու Ադրբեջանը այդքան ձգտում էր ապահովել, որ գործերը կարճվեն այս «խաղաղության» համաձայնագրի շրջանակներում։ Եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը Ադրբեջանի հետ միասին, դա նաև կնշանակի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և 2023 թվականին բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախահայերի համար արդարության հասնելու ջանքերի ավարտ»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ համաձայնագիրը չի անդրադառնում Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի բռնապետության շարունակական ցեղասպանական բնույթին, Ադրբեջանի կողմից հայկական տարածքների շարունակվող օկուպացիային, հայկական մշակութային ժառանգությանը, Արցախի կարգավիճակին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքներին։

Լեմկինի ինստիտուտը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն իրականացվում է դեռևս խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ՝ որպես Բաքվի նախապայման, ինչը լրջորեն վնասում է արցախահայերի իրավունքների պաշտպանությունը, քանի որ Մինսկի խումբը այդ իրավունքների ճանաչման միակ միջազգային դիվանագիտական հարթակն էր։

Նշվում է, որ Վաշինգտոնում կնքված գործարքը առաջնություն է տալիս ԱՄՆ աշխահաքաղաքականությանն ու շահերին՝ ստորադասելով Հայաստանի անվտանգությունը։

«Որպեսզի ՀՀ–ն անվտանգ լինի, ԱՄՆ–ն պետք է ստիպի Ադրբեջանին փոփոխություններ կատարել և զիջումների գնալ, ինչպես դա պահանջում է միջազգային իրավունքը, ինչը ներառում է զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, բոլոր հայ պատանդների ազատումը, ներքին բարեփոխումները, որոնք կչեզոքացնեն պաշտոնական հայատյացությունն Ադրբեջանում։ ԱՄՆ–ն նաև պետք է սատարի միջազգային իրավական մեխանիզմի ստեղծմանը, որը կկարողանա ապահովել երկու երկրների բոլոր պատմական պահանջների քննարկումը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ թեև ԱՄՆ-ն միջնորդական դեր է ստանձնել՝ երաշխավորելու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ի ղեկավարությունը լիովին գիտակցում է Ադրբեջանի կողմից բխող վտանգների ամբողջ լրջությունը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։