AM
3 Սեպտեմբեր 2025 - 09:51 AMT

Յըլմազ․ Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հայ–ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրմանը՝ դա համարելով պատմական քայլ, որի արդյունքում տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ ակնկալիքները զգալիորեն մեծացել են։ Այդ մասին նա հայտնել է X–ում իր գրառմամբ։

«Շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Յըլմազը, հայտնում է Ermenihaber-ը։

Նա ասել է նաև որ Ադրբեջանի հետ վերջերս ստորագրված հռչակագիրը (որը կնքվել է օկուպացված Շուշիում) նոր հեռանկարներ է բացել երկկողմ դաշնակցային հարաբերությունների խորացման ուղղությամբ։

«Նոր հորիզոններ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը»,- հավելել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։