Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի հետ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելը գործնականում անհնար է լինելու, նույնիսկ եթե քաղաքական կամք դրսևորվի։ Նա այս մասին ասել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է կապ հաստատել ուկրաինական կողմի հետ, սակայն նման շփումներն, իր կարծիքով, իմաստ չունեն։
«Ուկրաինական կողմի հետ պայմանավորվելը գործնականում անհնար կլինի, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տասներորդ հոբելյանական Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի համալիրի տարածքում։ Այս տարվա համաժողովի հիմնական թեման է՝ «Հեռավոր Արևելք – համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։






