AM
6 Սեպտեմբեր 2025 - 07:10 AMT

Բաքվի դատարանում հրապարակվել են հայ գերիների «բոլոր ցուցմունքները»

Սեպտեմբերի 5-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի գերեվարված ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու գործերով դատական ֆարսը։

«Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, տուժածներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետության անունից մեղադրանքը պաշտպանող դատախազները», հայտնում է Azertag-ը։

Նիստը նախագահող դատավորը հայտարարել է, թե «բոլոր 15 անձանց նախաքննական ցուցմունքների ընթերցումը ավարտված է»։

Դավիթ Մանուկյանը խնդրել է հաշվի առնել իր ցուցմունքները, որոնք տրված են հենց դատարանում։ Նույնն ասել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշել է, որ համաձայն չէ որոշ հատվածների հետ՝ հրապարակված նախնական ցուցմունքներում։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Դավիթ Իշխանյանը հորդորել են հաշվի առնել ոչ թե նախաքննական, այլ միայն իր դատական ցուցմունքները։

Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գաղտնի խորհրդակցությունից հետո իր պաշտպանի հետ, խնդրել է հնարավորություն տալ հաջորդ նիստին ներկայացնել իր դիրքորոշումը հրապարակված ու նախաքննական ցուցմունքների վերաբերյալ։ Նախագահող դատավորը, հաշվի առնելով նրա միջնորդությունը, հայտնել է, որ հաջորդ նիստում նրան այդ հնարավորությունը կտրվի։

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 8-ին։