Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն, անդրադառնալով այն հարցին, թե ինչ է պետք անել հայկական ֆուտբոլի զարգացման համար, կարևորել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն ու պետական աջակցությունը, հայտնում է «Ազատությունը»։
«Պետք է սկսենք մանկապատանեկան ֆուտբոլից, մարզիչների կրթության…ես միշտ ասել եմ՝ այն մարզիչները, որոնք աշխատում են մանկապատանեկան ֆուտբոլում, պետք է նաև իրենք հոգեբանական դասընթացներ անցնեն, թե ինչպես աշխատեն երեխաների հետ: Պետական աջակցությունը շատ կարևոր է ու անպայման պետք է լինի: Եթե մենք ուզում ենք, որ մեր ֆուտբոլը շուտ զարգանա, ավելի արագ տեմպերով զարգանա, միանշանակ պետք է պետական աջակցություն»,–ասել է նա։
Որպես օրինակ նա նշել է Վրաստանի ֆուտբոլը։
«Փաստ է, որ Վրաստանի ֆուտբոլը պետական աջակցություն ունի: Եթե մեր ֆուտբոլում էլ լինի, իմ կարծիքով՝ մենք նույն հաջողությանը կարող ենք հասնել և ավելին»,–ասել է ֆուտբոլիստը։
Անդրադառնալով Հայաստան-Պորտուգալիա խաղին` Մովսիսյանը կարծիք է հայտնել, որ Պորտուգալիան ներկայումս համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը՝ զբաղեցնելով հնարավոր երկրորդ կամ երրորդ տեղը։ Նա ընդգծել է, որ սա ազգային թիմի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանի առաջին խաղն է եղել, ուստի նրան անհրաժեշտ է ժամանակ։
«Շատ դրական փոփոխություններ տեսա ես: Ոգի տեսա, տղաների մեջ դուխ տեսա, որ կարող էին խաղալ, շատ դժվար էր այդ ամենը ցույց տալ, բայց հուսով ենք՝ գալիք խաղերում ցույց կտան տղաները»,–ասել է նա։
Իմանալով Մելիքյանի բնավորությունը՝ Մովսիսյանը վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում կերևան փոփոխություններ թե՛ խաղացողների մոտեցման, թե՛ հոգեբանության մակարդակում։ Նրա կարծիքով՝ Իռլանդիայի հետ խաղում հավաքականն այլ կերպ կխաղա։ Նա հավելել է, որ Պորտուգալիայի խաղը ծանր է եղել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, և որ առաջին խաղն ամենադժվարն է հատկապես նոր մարզչի պարագայում։ Սակայն առաջիկա խաղերում, ըստ նրա, ֆուտբոլիստներն ավելի հանգիստ և վստահ կզգան իրենց դաշտում։
Մովսիսյանը նշել է, որ հանդիպել է թիմի ֆուտբոլիստներին խաղից երկու օր առաջ և նրանց հետ կարճ զրույց է ունեցել։ Նրա դիտարկմամբ՝ թիմում տիրել է դրական մթնոլորտ, որը պետք է ժամանակի ընթացքում էլ ավելի ամրապնդվի։
Խոսելով իր սերնդի ու ներկայիս հավաքականի միջև տարբերությունների մասին՝ Մովսիսյանն ասել է․
«Ինձ համար դժվար է համեմատելը: Մի մեծ տարբերություն կարող եմ ասել. մենք այն ժամանակ չէինք վախենում պարտությունից: Մենք, երբ դաշտ էինք դուրս գալիս, վստահ էինք, որ պետք է հաղթենք, կապ չուներ, թե ում դեմ ենք խաղում: Մենք այն ժամանակ Պորտուգալիայի դեմ էլ ենք խաղացել ու այլ ուժեղ թիմերի դեմ էլ: Այդ ժամանակ դաշտ էինք դուրս գալիս՝ գիտենալով, որ պետք է հաղթեինք, գիտեինք, որ գոլ պիտի խփեինք: Ես, օրինակ, միշտ դաշտ եմ դուրս եկել՝ գիտենալով, որ այդ խաղին անհնար է, որ գոլ չխփեմ, այդ մտքով եմ դուրս եկել: Ճիշտ է, ամեն խաղին գոլ չեմ խփել, բայց արդեն խաղի սկզբից դու ճիշտ տրամադրված, վստահ ես: Օրինակ՝ երեկ դաշտում ֆուտբոլիստների մոտ երևում էր, որ վստահության պակաս ունեն: Ու մեր աջակցության, երկրպագուների, ֆուտբոլային հանրության պակաս ունեին: Խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ, որ մենք՝ հայերս, աջակցենք մեր թիմին, ոգեշնչենք նրանց: Էլի չսկսենք խոսելը՝ վայ, էս ինչ էր: Ժամանակ տանք մեր մարզչին, մեր տղաներին, և իրենց լավագույն խաղը ցույց կտան»,–նշել է նա։
Այն հարցին, թե հայկական ֆուտբոլի պատմության մեջ ում է առանձնացնում, Մովսիսյանը միանշանակ է պատասխանել՝ Մխթարյանին։
«Հենրիխին: Նույնսիկ քննարկելն էլ է ավելորդ, որ Հենրիխից այն կողմ մենք այլ ֆուտբոլիստի կարողանանք առանձնացնել, որովհետև լավագույնն է: Ես ցավում եմ, որ ինքն այսօր մեր ազգային հավաքականում չէ: Դրա համար շատ ցավ եմ ապրում»,–ասել է նա։
Հայաստանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում 0։5 հաշվով պարտվել է Պորտուգալիային սեպտեմբերի 6–ին Երևանում կայացած հանդիպմանը։






