AM
8 Սեպտեմբեր 2025 - 11:48 AMT

Ավանեսյան․ Նպատակ ունեմ Օլիմպիադայում ներկայացնել ՀՀ-ն

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով վնասվածքին ու միջազգային մրցաշարերում կրած պարտություններին, հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որ 2026-ը սկսի 100 տոկոս կարողությամբ ու առողջությամբ։ Նա նաև հայտարարել է, որ նպատակ ունի Օլիմպիադայում ներկայացնել Հայաստանը։

«2025 թ–ը ես շատ լավ սկսեցի, բայց հետո վնասվածք ստացա, ինչպես նաև մարտ ամսին հիվանդացա, դա շատ ծանր վարակ էր ու վերականգնողական շրջանը շատ երկար տևեց։ Ես չկարողացա մրցել լուրջ մակարդակի վրա։ Հետո նաև ուսի ու դաստակի ցավեր ունեցա ու դեռ վերականգնման շրջանում եմ»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ ցանկացած մարզիկի երազանքն է Օլիմպիական խաղերի մասնակցելը։

«Ես էլ բացառություն չեմ: Անհամբեր սպասում եմ դրան, նպատակ ունեմ մասնակցել ոչ միայն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, այլև հետագա մյուս օլիմպիական խաղերին»,- հավելել է Էլինան։

Հայաստան այցի ընթացքում թենիստուհին արդեն կազմակերպել է վարպետության դասեր փոքրիկների համար և հանդիպել է իր երկրպագուներին։ Ավանեսյանն ընդգծել է, որ իր համար մեծ նշանակություն ունի երեխաների հետ շփումը և նրանց աչքերի ուրախությունը, որն իրեն մշտապես ոգեշնչում է։

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ։ Հայաստան վերադարձել եմ ինչպես տուն, նաև մեծ ուրախությամբ մասնակցում եմ բոլոր միջոցառումներին»,– ասել է նա։

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը նշել է, որ Էլինա Ավանեսյանը շարունակում է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։ Նա վստահեցրել է, որ հիմնադրամը շարունակելու է աջակցել թենիստուհուն, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա աշխարհում ներկայացնել Հայաստանը։

Թենիսի կանանց ասոցիացիայի հրապարակած ամենշաբաթյա համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը այս շաբաթ նահանջել է մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 104-րդ տեղը։