AM
8 Սեպտեմբեր 2025 - 14:04 AMT

Ամիրբեկով․ Որպեսզի համաձայնագիրը ստորագրվի, ՀՀ–ն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ինչը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհին, սակայն այն դեռ վերջնական չի ստորագրվել։ Այդ մասին նա ասել է ֆրանսիական I24 News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման և հետագա իրագործման համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի»,–ասել է նա, գրում է Vesti.az-ը։

Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության մեջ դեռ առկա են կետեր, որոնք պարունակում են «անընդունելի տարածքային հավակնություններ և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ըստ նրա՝ կայուն խաղաղություն ապահովելու համար Հայաստանի «Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի արդեն նախաստորագրված համաձայնագրի տեքստին և ոգուն»։

Նա նշել է նաև, որ, այնուամենայնիվ, հենց նախաստորագրման փաստն արդեն համարվում է զգալի առաջընթաց, որը արդյունք է կողմերի կառուցողական երկխոսության, քաղաքական կամքի դրսևորման, ինչպես նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցության։

«Մասնավորապես, մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։ Եթե այս գործընթացը լուրջ և վճռական կերպով շարունակվի, կարող է բացվել նոր էջ Հարավային Կովկասի պատմության մեջ՝ հիմնված համագործակցության, կայունության եւ համընդհանուր բարեկեցության վրա», – ընդգծել է Ամիրբեկովը։