Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է մայրցամաքներ կապող «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին՝ շարունակելով այդպես կոչել «Թրամփի ուղի» անվանումը ստացած նախագիծը։ Այդ մասին նա խոսել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության (ՍՎՄԴԱ) վերլուծական կենտրոնների 13-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Ես նաև կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի ուղիներից մեկը, մոտ ապագայում կկատարի մայրցամաքներ կապող կարևոր տրանսպորտային հաղորդակցության դեր», — ասել է նա, հայտնում է APA-ն։
Ըստ նրա՝ Ադրբեջանը, որը գտնվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղությունների խաչմերուկում, «արագորեն վերածվել է Եվրասիական տարածքի կենտրոնական տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկի»։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






