Այսօր հայկական պատվիրակությունը, որի կազմում են կառավարության ներկայացուցիչներ եւ Ազգային ժողովի պատվիրակներ, ժամանել է Կրասնոդար` պարզաբանելու համար այն իրավիճակը, որը ստեղծվել է երկրամասից հայերի բռնագաղթի վտանգի ներքո: Պատվիրակության անդամները կբանակցեն երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի, ուժային կառույցների եւ իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Հիշեցնենք, որը այցը նախատեսված էր մայիսի 15-ին, սակայն հետաձգվել էր Կուբանի իշխանությունների նախաձեռնությամբ: Նշենք, որ երկրամասի ղեկավարությունը պատվիրակության կազմում ցանկություն է հայտնել տեսնելու միայն գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, այլ ոչ թե խորհրդականների: Այնուամենայնիվ խմբում բացի արդյունաբերության եւ առեւտրի, մշակույթի, գիտության եւ կրթության նախարարների տեղակալներից եւ արտաքին գործերի նախարարության Կովկասի գծով վարչության պետից, ընդգրկվել են նաեւ արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, նրա տեղակալ` դաշնակցություն կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը, հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Նշենք, որ լարվածությունը Երեւանի եւ Կրասնոդարի հարաբերություններում զգալիորեն նվազել է նահանգապետ Տկաչովի եւ Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոխադարձ այցերից հետո: Նրանց կողմից անցկացված խորհրդակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրամասում կուտակված սոցիալական հիմնախնդիրների համատեղ լուծման վերաբերյալ, որոնք եւ նպաստում են հայատյացության տարածմանը: Այժմ ճշտվում են Կրասնոդարի երկրամասի նահանգապետի այցի ժամկետները Երեւան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: