AM
12 Սեպտեմբեր 2025 - 14:20 AMT

Մոսկվան ՀՀ–ից և Ադրբեջանից քայլեր է ակնկալում «3+3»-ի հանդիպման համաձայնեցման համար

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանըից քայլեր է ակն կալում «3+3» ձևաչափի շրջանակում արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման ժամկետների համաձայնեցման համար։

«Մենք սպասում ենք ադրբեջանցի և հայ գործընկերներից գործուն քայլեր՝ հնարավորինս արագ համաձայնեցնելու այս հարթակի ("3+3" – խմբ.) մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները և մեր կողմից ևս հաստատում ենք պատրաստակամությունը՝ գործընկերներին աջակցելու բոլոր հարցերի շրջանակում», — ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ Երկրորդ հանդիպումը, որն առաջինն էր արտգործնախարարների մակարդակով, անցկացվել է Թեհրանում 2023 թվականի հոկտեմբերին։ Վերջին հանդիպումը կայացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։

Վեցակողմ համագործակցության ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ստեղծման նախաձեռնությունը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերի շուրջ առաջ են քաշել 2020 թվականի վերջում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վրաստանին բազմիցս հրավիրել են մասնակցելու այս հարթակին, սակայն այն առայժմ չի միացել։