Բաքվում հայտարարել են, որ Հորադիզ–Ջաբրաիլ–Զանգելան–Աղբենդ ճանապարհի շինարարությունը, որն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում, 95 տոկոսով պատրաստ է։
Ըստ հաղորդված տվյալների՝ մայրուղու հիմնական հատվածի երկարությունը կազմում է 123.6 կմ, և այդ մասում աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են։ Ճանապարհը կառուցվում է ըստ ժամանակակից չափանիշների և որակի բարձր պահանջների, գրում է APA-ն։
Նշվում է, որ ճանապարհի լայնությունը՝ 14-21 մետր է, հողային կտրվածքի լայնությունը՝ 21.5-ից 29.5 մետր, երթևեկությունն իրականացվելու է 4-6 գծով։
«Այս պարամետրերը նպաստում են ավտոմեքենաների հարմարավետ և անխոչընդոտ երթևեկությանը»,–ասվում է հրապարակման մեջ։
Փաշինյանը սեպտեմբերի 10–ին ԱԺ—ում հայտարարել էր․ «Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել նաև, որ այդ անունն Ադրբեջանում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքներից, որ պետք է միանա, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով, ցանկացած մարդու անունով, բայց դա Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Հայաստանի օրակարգի հետ որևէ կապ չունի։ Եթե նույնիսկ երդվեն, որ Հայաստանի հետ կապ ունի, չհավատաք»։






