AM
17 Սեպտեմբեր 2025 - 06:38 AMT

Վագներ․ ՀՀ–ն և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ և պատրաստ են բարդ փոխզիջումների

Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձի առիթով սեպտեմբերի 16-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանատունն անցկացրել է պաշտոնական ընդունելություն՝ Բեռլինի Թումո կենտրոնում: Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, քաղաքային ղեկավարության անդամներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար Նիկլաս Վագներն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. երկու երկրներն էլ պատրաստ են բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ դժվար փոխզիջումների։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ համատեղ Գերմանիան երկար ժամանակ շարունակաբար ցուցաբերել է ակտիվ քաղաքական աջակցություն խաղաղության գործընթացին, հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

Վագներն ընդգծել է նաև. «Մենք կշարունակենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հետագա քայլերում։ Մենք մեր հարևան երկրների հետ հաշտեցման մեր սեփական պատմությունից գիտենք, որ երկարատև խաղաղությունը ժամանակ է պահանջում»։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը իր ելույթում շեշտել է. «Անկախության ճանապարհը հայ ժողովրդի գիտակցված որոշումն էր՝ ապրել ազատ, անկախ և արժանապատիվ. արժեքներ, որոնք այսօր էլ մնում են հայ ժողովրդի համար կենտրոնական։ Անկախ պետականությունը ոչ միայն ազգային անվտանգության բաղադրիչ է, այլև ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղ ապրելու մշակույթի արտահայտություն. կենսակերպ, որին հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունը»։

Նա նաև անդրադարձել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով. «Մեր տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։

Դեսպանը նաև բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեցող միջպետական կապերը, քաղաքական մակարդակով ընթացող ակտիվ երկխոսությունը և տարբեր ոլորտներում շարունակվող երկկողմ համագործակցությունը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։