AM
18 Սեպտեմբեր 2025 - 08:38 AMT

«Նոան» Էջմիածնում ժամանակակից մարզադաշտ կկառուցի․ 7 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը հաստատվել է

Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը Էջմիածին քաղաքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից մարզադաշտ կկառուցի՝ մոտ 15,000 հանդիսատեսի համար։

Ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված ավելի քան 7 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը հաստատվել է կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում, հայտնում է Արմենպրեսը։

«Ծրագիրը կկայանա երկու փուլով. առաջինով նախատեսված է մինչև 2030թ․ վերակառուցել և արդիականացնել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան։ Երկրորդ փուլով նախատեսվում է կառուցել մարզադաշտը՝ հարակից ենթակառուցվածքներով՝ սննդի, ժամանցի կետերով, որը հնարավորություն կտա նաև միջազգային մրցաշարեր հյուրընկալել»,-ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կենտրոնացած է նաև Ակադեմիական քաղաքում մեծ ազգային ստադիոնի և մի քանի այլ մարզադաշտերի կառուցման հարցի շուրջ, որոնցում հնարավոր կլինի միջազգային խաղեր անցկացնել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսքով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում նաև Վանաձորում ՈւԵՖԱ-ի 4-րդ դասի մարզադաշտ ունենալու ուղղությամբ։

«Հիշեցնեմ, որ Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել 2029թ․ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու ուղղղությամբ»,-նշել է Անդրեասյանը։

Վաղարշապատում կառուցվելիք համալիրը բացի մարզադաշտից կներառի նաև բարձրակարգ հյուրանոցային համալիր, փակ մարզադաշտ, հանրակրթական դպրոց, սպորտային մարզասրահ, լողավազան, գիշերակացի հանրակացարան, ֆուտբոլային ակադեմիա, 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։