AM
18 Սեպտեմբեր 2025 - 14:49 AMT

Կոս․ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի խաղաղ գործընթացին

Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, որն այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի խաղաղ գործընթացին։

Նա նշել է, որ Բաքվում անցկացվել են արդյունավետ ու բաց քննարկումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել փոխկապակցվածության հարցերին, գրում է APA-ն։

«Այսօր Բաքվում մենք անցկացրել ենք արդյունավետ եւ բաց քննարկումներ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մասնավորապես, կարծիքներ ենք փոխանակել փոխկապակցվածության հարցերի շուրջ։

Ես նաև շնորհավորեցի նախագահին Վաշինգտոնում խաղաղ համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ։ Եվրոպական միությունը աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղությանը եւ պատրաստ է մասնակցել այս գործընթացին», — նշել է Կոսը։

Մարթա Կոսը երկօրյա այցով սեպտեմբերի 19-20-ը կլինի Հայաստանում։ Նա կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Այցի ընթացքում հանձնակատարը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» կենսաբազմազանության ծրագրի իրականացման վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: