Վաշինգտոնում սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի շենքում, անցկացվել են «Արդարադատություն հայ գերիների համար» խորագրով լսումներ, որոնք կազմակերպվել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALCJHR) համատեղ ջանքերով՝ Կոնգրեսի աշխատակազմին տեղեկացնելու նպատակով Բաքվում պահվող հայ գերիների հարցի շուրջ։
Քննարկումը վարել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, իսկ բանախոսությամբ հանդես են եկել «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, փաստաբան և ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Perseus Strategies կազմակերպության գործադիր տնօրեն և Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը, ինչպես նաև Kerkonian Dajani LLP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր, ամերիկահայ փաստաբան Գառնիկ Քերքոնյանը, հայտնում է Aysor.am-ը։
Քեն Խաչիկյանը նշել է, որ լսումները նվիրված են Բաքվում պահվող 23 հայ գերիներին, որոնք տանջանքների են ենթարկվում և վատ վերաբերմունքի արժանանում:
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հայ գերիների հետ կապված ընդհանուր իրավիճակը՝ հատկապես մտահոգություն հայտնելով սեպտեմբերից Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության դադարեցման առնչությամբ: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որ հասանելիություն ուներ հայ գերիներին ու քաղբանտարկյալներին, և հիմա նրանք զրկված են այդ միակ միջազգային մեխանիզմից: Նրա խոսքով՝ հունիսից՝ ԿԽՄԿ-ի վերջին այցից հետո որևէ արժանահավատ աղբյուրից տեղեկություն չկա նրանց իրական վիճակի մասին:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրված համաձայնագրում առկա՝ միջազգային հայցերի հետ կանչման կետը ի՞նչ հետևանքներ կունենա հայ գերիների վրա, Սիրանուշ Սահակյանը նշել է՝ դա կնշանակի արդարադատության և գերիների պաշտպանության վերացում:
«Քանի որ գերիների ազատ արձակումը այս համաձայնագրի կարգավորման մաս չէ, Ալիևի ռեժիմի համար այլ քաղաքական կամ իրավական պարտավորություն չի լինի նրանց ազատ արձակելու համար: Առանց նրանց ազատ արձակման՝ հայ հասարակությունը չի կարող վստահություն, հավատ ունենալ այս խաղաղության գործընթացների նկատմամբ: Ուստի շատ կարևոր է այս հարցը լուծել նախքան այդ գործընթացների ավարտը»,–ասել է նա։
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը ներկայացրել է այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել իր պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում, ինչպես նաև այն, որ նա երկու անգամ հացադուլ է հայտարարել և դրանցից առաջինի ժամանակ ենթարկվել է խոշտանգումների:
«Նրան այժմ սպառնում է ցմահ ազատազրկում՝ 40-ից ավելի կեղծ մեղադրանքներով, որոնք ներառում են ագրեսիվ պատերազմի պլանավորում և վարում, պատերազմի օրենքների խախտում, ահաբեկչության ֆինանսավորում և այլն»,-նշել է նա:
Գենսերը մեղադրանքները համարել է անհեթեթ:
«Միայն մեկ օրինակ բերեմ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը անկախ կազմակերպություն է, ենթարկվում է միջազգային աուդիտի, ըստ «մեղադրանքների», Վարդանյանի համար ծառայել է որպես ահաբեկչություն ֆինանսավորելու միջոց»,-ասել է նա։
Խոսելով բազմաթիվ խախտումների մասին՝ Գենսերը նշել է, որ այդ դատական լսումների ժամանակ բազմաթիվ ենթադրյալ «տուժածներ» են բերվել վկայություն տալու, բայց բոլորը հաստատել են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից.։
«Ոչ մի փաստական ապացույց, բառացիորեն ոչ մի, չի ներկայացվել՝ Վարդանյանին կապելու նկարագրված դեպքերի հետ: Այդ ամբողջ, այսպես կոչված, «ապացույցները», դուրս կնետվեին ցանկացած դատարանից, որտեղ գերիշխում է իրավունքի գերակայությունը, բայց, դա իհարկե, չի վերաբերում Ադրբեջանի ռազմական դատարանին»,–նշել է նա։
Պատասխանելով Քեն Խաչիկյանի՝ հայ գերիների խնդրի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ավելի բացահայտ վերաբերմունքի մասին հարցին, Գենսերը շատ կարևոր է համարել Թրամփ-Փաշինյան հանդիպման ժամանակ թեմայի արծարծումը:
«Այժմ, երբ նա {Թրամփը} հրապարակային հանձնառություն է ստանձնել, պետք է հետևողական լինել, որ այդ հանձնառությունը կատարվի: Չեմ կարծում, որ նա {Ալիևը} ուզենա նրանց բոլորին ազատ արձակել: Իհարկե, ես արդեն նախազգուշացրել եմ այդ մասին: Կարևոր է, որ նրանք բոլորը դուրս գան»,-նշել է նա։
Գենսերը միաժամանակ ավելացրել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն նշել է, որ Սպիտակ տնից և Պետքարտուղարությունից ստացվող հաղորդագրությունները լավ համակարգված են, և ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են այդ հարցում առաջ շարժվել. «Արդյոք նրանք պատրա՞ստ են այն ճնշումը գործադրել, որը անհրաժեշտ է հարցի արագ լուծման համար՝ դա այլ հարց է, և հենց այն է, ինչի վրա պետք է աշխատենք»:
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






