AM
22 Սեպտեմբեր 2025 - 13:31 AMT

Ալիև․ Զանգեզուրի միջանցքը կուժեղացնի Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կուժեղացնի Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը»։ Այդ մասին նա ասել է Բաքվում անցկացվող միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին հասցեագրված ուղերձում, հայտնում է Minval.az-ը։

Նա ասել է, թե տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը Միջին միջանցքով տարեցտարի աճել է։

«Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այդ ցուցանիշն էլ ավելի կաճի՝ հատկապես Զանգեզուրի միջանցքի գործարկումից հետո։

Հանրապետությունում կառուցված ժամանակակից ենթակառուցվածքները՝ Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստը, Ալյաթի ազատ տնտեսական գոտին և արդիականացված երկաթուղային ցանցը ներդրողներին տալիս են ուղիղ ելք դեպի համաշխարհային շուկաներ և բարձր արդյունավետությամբ տարանցիկ ուղիներ»,–ասել է Ալիևը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։