Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։
Նա նաև գոհունակություն է հայտնել, որ ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին քայլեր են ձեռնարկվել, որոնց շնորհիվ կայուն խաղաղություն կհաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայտնում է Արմենպրեսը։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար։ Կցանկանայի նշել նաև, որ մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է ըստ նախատեսվածի», – ասել է Էրդողանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






