AM
24 Սեպտեմբեր 2025 - 07:51 AMT

Ռուբիո․ Թրամփի շնորհիվ ելք գտնվեց հայ–ադրբեջանական հարցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհի մյուս ղեկավարներից ավելի ջանք ու էներգիա է ներդրել խաղաղության հաստատման հարցում՝ հասնելով շոշափելի արդյունքների։ Այդ մասին Ռուբիոն ասել է Նյու Յորքում Fox and Friends հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ժամանակ։

Ըստ Ռուբիոյի՝ Թրամփի շնորհիվ ելք է գտնվել հայ–ադրբեջանական հարցում, գրում է Minval.az-ը։

«Մի մոռանանք, որ հենց Թրամփն էր միջնորդում Կոնգոյի և Ռուանդայի միջև պատերազմում։ Նրա ջանքերի շնորհիվ լուծում է գտնվել ադրբեջանա-հայկական հարցում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը կարողացել է կանգնեցնել հակամարտությունները Թաիլանդի և Կամբոջայի, Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Սա վերջին ամիսների ընթացքում ձեռք բերված մի քանի օրինակներից միայն է։ Իսկ դա արել է ԱՄՆ նախագահը, ոչ թե ՄԱԿ-ը կամ որևէ այլ համաշխարհային առաջնորդ», — ընդգծել է Ռուբիոն։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։