AM
24 Սեպտեմբեր 2025 - 07:59 AMT

Տոկաևը ՄԱԿ-ում ողջունել է ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ–ում ողջունել է ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։

«Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Սա ապացուցում է, որ նույնիսկ հին հակամարտությունները կարելի է կարգավորել դիվանագիտության և առողջ բանականության միջոցով», ասել է նա, հայտնում է Kaztag-ը։

Նա խոսել է նաև ՄԱԿ բարեփոխման անհրաժեշտության մասին։ Նա առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կոնկրետ քայլեր կառաջարկի այդ ուղղությամբ։

Նա կարևորել է ՄԱԿ ԱԽ բարեփոխումը՝ նշելով, որ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մեծ երկրները ռոտացիայի սկզբունքով պետք է ներկայացված լինեն ԱԽ–ում։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։