Սանկտ Պետերբուրգի «Ռոսրեեստր» գրասենյակի նախկին ղեկավարի տեղակալ Բորիս Ավագյանը, որը նախկինում եղել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը, Սանկտ Պետերբուրգում դատական նիստից փախչելուց հետո, ենթադրաբար, ինքնասպանություն է գործել Հայաստանի հյուպատոսարանի տարածքում: Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ տելեգրամյան ալիքների՝ Ավագյանը ներսից փակվել է զուգարանում, որտեղ էլ վերջ է տվել կյանքին։ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները բացել են դուռը և հայտնաբերել նրա մարմինը։
Նախորդ օրը Ավագյանը, որը ՌԴ-ում մեղադրվում է մաքսային վճարներից խուսափելու մեջ, փախել էր դատարանից և թաքնվել ՀՀ հյուպատոսությունում։
Սեպտեմբերի 23–ին Ավագյանը կապ էր հաստատել «Փաստինֆոյի» հետ և ասել, որ պատրաստ է հանձնվել Հայաստանի իշխանություններին՝ քննվող քրեական գործի շրջանակում։






