Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Նյու‑Յորքում ընթացող 6‑րդ Կասպիական բիզնես ֆորումում «Միջին միջանցք՝ կապ, ֆինանսներ և էներգետիկա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի նախագծում ներգրավված են ամերիկացիները»։
«Կատարվում են աշխատանքներ Զանգեզուրի միջանցքի 42 կմ հատվածում, որը գտնվում է Հայաստանի տարածքում։ Աշխատանքներին մասնակցում են մեր գործընկերներ ԱՄՆ-ից»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։
Ըստ նրա, Ադրբեջանը ավելի շատ ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
«Բաքվի նավահանգստի բեռնափոխադրման հզորությունը կազմում է 25 մլն տոննա տարին, աշխատանքներ են տարվում այդ հնարավորություններն ընդլայնելու համար», — հավելել է նա։
Նա ընդգծել է, որ Բաքվից մինչև Զանգիլան և ՀՀ սահման հասնող երկաթուղու կառուցման նախագիծը նախատեսվում է ավարտել 2026 թվականի կեսին։
«Երրորդ հատվածը ընդգրկում է Նախիջևանը։ Այստեղ նույնպես ներդրումներ են կատարվում, և մենք հրավիրում ենք համագործակցել այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպական պետությունների։ Գլխավոր նպատակն է դարձնել Հարավային Կովկասը համագործակցության տարածք»,–հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։






