Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Նյու Յորքում անցկացվող «Կասպյան քաղաքական կենտրոնի» կազմակերպած՝ «Միջին միջանցքով. կապ, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով վեցերորդ Կասպյան բիզնես ֆորումի մասնակիցներին։
Նա հայտարարել է, որ TRIPP–ը կդառնա Միջին միջանցքի կարևորագույն հատվածը անխոչընդոտ կապ կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, գրում է Minval.az-ը։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր, որը հիմք է դրել «Թրամփի երթուղու միջազգային խաղաղության և բարօրության համար» (TRIPP) ծրագրին։ Այն կապահովի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև։
Վստահ եմ, որ TRIPP-ը, որը դառնալու է Միջին միջանցքի հաջորդ կարևորագույն բաղադրիչը, կծառայի որպես առանցքային կապող օղակ Ասիայի և Եվրոպայի միջև՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հնարավորությունները, խթանելով տարածաշրջանային երկրների զարգացումը և նրանց ինտեգրումը գլոբալ մատակարարման ցանցերին։
TRIPP-ը կարևոր ներուժ ունի նաև էներգառեսուրսների, մասնավորապես վերականգնվող էլեկտրաէներգիայի արտահանման և օպտիկամանրաթելային գծերի կառուցման համար, ինչը տարածաշրջանը կվերածի միջազգային առևտրի և թվային հաղորդակցության հանգույցի»,–ասել է նա։
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ամբողջությամբ կենտրոնացրել է իր ջանքերը ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ։
Նա նշել է, որ Ադրբեջանի հատվածում ընթանում են ենթակառուցվածքների արդիականացման, թվայնացման և թողունակության բարձրացման աշխատանքներ։
«Վերջին երեք տարում Միջին միջանցքով Ադրբեջանով անցնող բեռնափոխադրումների ծավալը գրեթե 90 տոկոսով աճել է, իսկ տարանցիկ բեռների փոխադրման ժամանակը՝ կրճատվել։ Ըստ հաշվարկների՝ մինչև 2030 թվականը միջանցքի թողունակությունը եռապատկվելու է 2021 թվականի համեմատությամբ, իսկ բեռնափոխադրման ժամանակը՝ կրկնակի նվազելու»,–ասել է Ալիևը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






