AM
24 Սեպտեմբեր 2025 - 13:29 AMT

Թբիլիսին վրդովված է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրվել են ԵՄ հանդիպմանը, Վրաստանը՝ ոչ

Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից Լյուքսեմբուրգում կայանալիք նախարարական հավաքին հրավիրվել են մի շարք երկրների, այդ թվում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները, սակայն Վրաստանը հրավեր է ստացել միայն դեսպանը մակարդակով, ինչը վրդովմունք է առաջացրել Թբիլիսիում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ դա որակվել է որպես անլուրջ մոտեցում և անտեսում՝ ոչ միայն քաղաքական, այլև աշխարհագրական իրողությունների, հայտնում է 1tv.ge-ն։

Նշվում է, որ ԵՄ միջոցառումներում Վրաստանի ներգրավվածությունը քաղաքական շահարկման թեմա է դառնում։

«Վրաստանը դեսպանի մակարդակով չի մասնակցի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում նախատեսված փոխկապակցվածության հարցերով նախարարական հանդիպմանը, որին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրել է Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարներին:

Հաշվի առնելով այս թեմայի կարևորությունը և Վրաստանի դերը այդ հարցերում՝ նախարարական հանդիպմանը դեսպանի մակարդակով հրավերն անընդունելի է, և նման մոտեցման հիմնավորումը մնում է անհասկանալի:

Հաշվի առնելով Վրաստանի դերը թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ կապի հարցերում, Վրաստանի մասնակցությունը նման կարևոր քննարկումներին պետք է տեղի ունենա համապատասխան մակարդակով և բխի ԵՄ անդամ պետությունների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ պետությունների մեծ մասն իրապես գնահատում է տարածաշրջանային գործընթացներում Վրաստանի դերը, գիտակցում է աշխարհաքաղաքական իրողությունները և համաձայն չէ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության նման մոտեցման հետ։