Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած ընթրիքին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կազմակերպել է 2025 թվականի Տրանսատլանտյան ընթրիքը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները, հայտնում է «Ազատությունը»։
Ռուբիոն ընդգծել է ԱՄՆ նախագահի դերը՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի երկարաժամկետ խաղաղություն տանող ուղու ձևավորման գործընթացում։
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն կարևորել է տրանսատլանտյան համագործակցությունը՝ նշելով դրա նշանակությունը խաղաղության պահպանման և տնտեսական բարգավաճման համար։
Նա անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի անդամների պատմական հանձնառությանը՝ պաշտպանական ծախսերի ավելացմամբ կանխարգելման կարողությունները զարգացնելու, ինչպես նաև դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությանը՝ ՌԴ–Ուկրաինա պատերազմի հանգուցալուծմանը հասնելու նպատակով։
Ավելի վաղ Ռուբիոն ox and Friends հաղորդման շրջանակում հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհի մյուս ղեկավարներից ավելի ջանք ու էներգիա է ներդրել խաղաղության հաստատման հարցում՝ հասնելով շոշափելի արդյունքների։ Ըստ Ռուբիոյի՝ Թրամփի շնորհիվ ելք է գտնվել հայ–ադրբեջանական հարցում։






