Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը։ Այդ մասին նա ասել է իր ելույթում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի ժամանակ, հայտնում է APA-ն։
«Իրանը աջակցում է խաղաղությանն ու կայունությանը։ Մենք հավատում ենք, որ տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության և փոխադարձ զարգացման հիման վրա։ Այս համատեքստում Իրանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»,–ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






