AM
27 Սեպտեմբեր 2025 - 07:22 AMT

ԱՄՆ պաշտոնյա․ Խաղաղության այս ուղին ամրապնդելով՝ բացահայտում ենք Հարավային Կովկասի հսկայական ներուժը

Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլսոնը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը առաջ մղված խաղաղության համաձայնագրի նախաձեռնությունը համարձակ նոր էջ՝ Հարավկովկասյան տարածաշրջանի համար, հայտնում է «Ազատությունը»։

Ամերիկացի դիվանագետը վստահեցրել է, թե ԱՄՆ հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման հանձնառությանը։

«Խաղաղության այս ուղին ամրապնդելով՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի հսկայական ներուժը որպես առևտրի, տարանցման և էներգետիկայի կենտրոն։ Սա մեր ապագա տնտեսական համագործակցության հիմքն է կազմում»,- հայտարարել է Քարլսոնը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։